Անցնել բովանդակությանը

Պետք է մեռնի՜լ

1869

Դժգույն գիշեր մ՚էր քաղցրաբույր աշնային, Երկինքն աստղեր զերթ «սիրո վերքք» ցոլային, Դեղնած ու չոր թերթից՝ լուսինն իր բեկբեկ Շողքը ցողեր ամրան վարսիցն աղեբեկ. Շամբերուն մեջ կը սողոսկեր ուղխ մ՚անհետ, Կայծեր, աստղեր կը խաղային ալյաց հետ. Սյուքը խաղար տերևներուն հետ թեթև, Կը շոյեր գլուխս՝ այրած ճակատս վառե թև, Նա իր շնչովն իս գոհ ընել կը կարծեր, Բայց կ՚արծարծեր, ո՜հ, իմ սիրույն բյուր կայծեր… Ոգի մ՚անցավ սրտես՝ թողուց հոն ըստվեր, Աստեղց բույլ մը… միայն գիտեն զ՚այս աստղեր…։ Համբույրի մը հիշատակն էր սյուքին շունչ, Իր դողդոջ ձայնն՝ տերևներուն սա շըշունջ. Գունատ ճակտին տխրիկ պատկերն այս լուսին… — Ո՜հ, կյանք պետք է տալ՝ սիրտ տրվի թե կուսին։ Կը սիրե նե, նայվածքին մեջ կը թառմի. Ո՜հ, ի՞նչ է նե — ձյունով շաղված մի անդրի, Վըսեմ ճակտին վըրա զույգ մը աստղեր վառ՝ Եթե սիրե՝ հալի, թ՚ատե՝ կտրի սառ…։ Լոկ հուր աչեր, ժըպիտ, արցունք տեսի նախ, Կուրծս ուռուցիկ լանջ մը ըզգաց սիրաբախ, Սիրո մրմունջ, հառաչ լսեցի բեկբեկ խոսք, Դողդոջ ու գիրգ՝ պաղ ձեռք մ՚ըզգաց ձեռքըս սոսկ. Թևերուս մեջ լույս մը, հով մը մարեցավ. Էակ չ՚էր նե, այլ սեր, հուր, շունչ, ժըպիտ, ցավ. Գոհար աչեր, վարդ այտ, այլ ինքն էր թախիծ. Այն գիսավոր աստղեն «քար մը» մընաց ինձ… Հիշատակ մը, գերեզման մը… սո՛ւրբ սափոր, Ուր հեկեկով սիրտըս կ՚ընե միշտ թափոր…։ Երանի՜ թե ըլլամ շիթ մ՚արտասուք Եվ անհետիմ դամբանիդ քով սիրասուգ. Իցի՜վ թե խոտ մ՚ըլլամ ու ես ցամքիմ հոդ, Ծաղիկ կ՚ըլլամ, բայց առանց քեզ չ՚ունիմ հոտ. Լույս թե մութ, քուն, շուքըդ պիտի չ՚անհետի, Հառաչելով ուշ պիտ՚ըլլամ ոսկր ու դի, Շիրմիդ վարդքը չը թոռմած քեզ գրկեմ ես… «Կյանք կուտաս՝ սիրտ թե տաս» ըսեն ետևես։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Պետք է մեռնի՜լ» բանաստեղծությունը (1869) սիրո և դժբախտ սիրո մասին։

Աշնանային գիշերվա պատկերով բացվող սիրերգ, որի առանցքը մեկ տողն է՝ «Ո՜հ, կյանք պետք է տալ՝ սիրտ տրվի թե կուսին»։ Բանաստեղծը նկարագրում է սիրած էակին ոչ թե որպես մարդ, այլ որպես ձյունից շաղված արձան՝ «Էակ չ՚էր նե, այլ սեր, հուր, շունչ, ժըպիտ, ցավ»։ Այդ գիսավոր աստղից իրեն մնացել է միայն «քար մը»՝ գերեզման ու հիշատակ, և բանաստեղծը երազում է արցունքի շիթ դառնալ նրա դամբանի մոտ։

Ստեղծագործությունը պարունակում է 38 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1869 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 38