Անցնել բովանդակությանը

Նոր սև օրեր

1871

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Մինչ բռնության՝ ընկա՜ն արյան դարերը, Աշխարհ մը կա արցունք թափող սարերը, Արյամբ պղտո՜ր դեռ գետերուն ափունքը. Չը դադրեցավ դեռ այս երկրին սև սուգը. Ավերակույտն այս ահարկու, Աշխարհ մոխրոց ու նոճերու։ Հայ դյուցազանց, որ հոն ընկան ի վաղուց՝ Ոսկերոտիքն՝ արմատներն այն վըրիժյուց Ահ, դեռ բողբոջ մը չ՚արձըկած հո՞ղ դարձան… Ուրեմն հիմա աղիք չ՚ունի Հայաստան… Ա՜յ, դալկահար դու հայրենիք… — Եվ դեռ Քրդի՞ն ալ խոնարհինք։ Մառախուղ են հագեր դաշտքն ու լերինքը, Չը գեղգեղեր Հայ հովվուհվույն սըրինգը, Հայուն համար չը փալփըլիր աստղիկը, Արցունքներով թոռմեր հոգվույն ծաղիկը, Դադրեր անմեղ խինդ, թինդ ու պար, Շողա ազա՜տ Քրդին տապար։ Դողդոջ մտնե առագաստը գիրգ հարսը, Արտասվաթոր՝ դեմքին ծածկած հույլ վարսը՝ Որ չ՚ըլլա թե հանկարծ սիրո մրմունջը Խափանե վատ Քրդին տռփոտ մըռունչը. Սերը փեսին արյամբ կարմրի, Հարսը Քրդին կերթա գերի…։ Մի՛շտ կը ցանե Հայն, չը հնձեր… անոթի՜… Իր դալկահար դեմքեն երկու շիթ կաթի, Արտոսր1 ու քիրտ2 միանգամայն… ո՜վ Աստված, Նա ճաշակե տրտմած սրտով ցավ ու հաց. Այս տարաբախտ ազգն է Հա՛յը, Մեր արյունը, մեր եղբայրը։ Ահ, ոտնակոխ Հայուն սիրտը և տաճար Հրացանն յ՚ուս սա կոշտ Քրդին անդադար, Եվ մեր ներսը չ՚եռա՞ր կարմիր մեկ ալին Կամ մեկ փրփուրն հայրենյաց սուրբ երակին, Որ սառույցի զերթ որդիներ՝ Մեր աղիքները չենք թոթվեր։ Ի՞նչ սիրտ է այս որ հոս գամեր է Աստված, Մինչ չը սիրեր նա հայրենիքը ցաված… Չունի ներսը Հայն իր նախնյաց տըրոփը, Լըքեր է զինք ճակատագրին Սերոբը. Երես դարձուց Հայն սուսերեն, «Սև» ժառանգեց լոկ պապերեն։ Սառե աչեր, քարե լեզու, ա՞յս մընաց Բյուր փառքերեն մեր գոռ ու պերճ հայրենյաց, Սևագըլուխ խումբ մը ագռավ մընաց լոկ՝ Կամ խումբ մը կույր խըլուրդ՝ ըստրուկ փառքի սոսկ. Ա՜հ, այն արծիվ ժողովրդեն, Որ հարվածվի արդ կոշտ Քրդեն։ Ի՜նչ, սև ձեռքեր հըպին վըճիտ ճակատին Հայ կուսիկին նըվիրական լաչակի՜ն, Դըժոխք մը տարփ թոշնեն վարդը կուսության, Կարծես ծաղիկ մը կոխկռտեն — զ՚այս կըզգան, Ինչպես որ Հայ մը մորթեն, Կարծեն թե հավ մը մորթեն։ Է՜հ, մի՛ վախեք, ասեղ մ՚անգամ պետք չէ մեզ, Այլ հայրենի սոսկ զգացում մ՚աղեկեզ, Ժանգոտ սուր մը, պատռած դրոշ մը թե չունինք, Կուրծերնուս տակ տըրոփող սի՞րտ մ՚ալ չունինք. Օ՜ն, ոտքերնիս զարնե՛նք գետին, Հայտնենք մեր ցավը ահագին։ Մեր քերց3 վարդերն և արևներն մեր եղբարց՝ Մեր տաճարաց խաչերն՝ պատի՛վն հայրենյաց Մենք պահանջենք, բարօրություն մեր ազգին. Զա՛յս պահանջենք՝ զայս Սուլթանեն սրտագին, Մեր պատիվն ու Քուրդը կուզենք, Եվ կամ նորա զենքին դեմ զե՛նք։

Ծանոթագրություններ

  1. 1 արտոսր — արցունք։
  2. 2 քիրտ — քրտինք։
  3. 3 քերց — քույրերի։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Նոր սև օրեր» բանաստեղծությունը (1871) հայրենիքի և Արևմտյան Հայաստանի մասին։

Դուրյանի հայրենասիրական երգերից ամենակոշտը՝ ոչ թե անցյալի փառքի, այլ ներկայի ամոթի մասին։ Տասնմեկ տուն, ամեն մեկը չորս երկար և երկու կարճ տողով, ուր կարճ տողերն են դատավճիռը՝ «Շողա ազա՜տ Քրդին տապար», «Հարսը Քրդին կերթա գերի», «Կարծեն թե հավ մը մորթեն»։ Մեղադրանքն ուղղված է ոչ միայն հալածողին, այլ հենց հային, որ սուսերից երես է դարձրել և պապերից միայն «սևն» է ժառանգել։ Վերջին տները կոչ են՝ ոչ թե ասեղ, այլ ժանգոտ սուր ու պատռված դրոշ, և պահանջ սուլթանից՝ պատիվ, կամ էլ զենք զենքի դեմ։

Ստեղծագործությունը պարունակում է 66 տող՝ բաժանված 11 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1871 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 66