Գարնանային կենացս մեջ
1864
Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,
Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։
Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,
Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։
Ահա կ՚իջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։
Գարնանային կենացս մէջ
Սիրոյ ծաղկունք մինչ փըթթէին՝
Սիրտըս վառուած սիրովն անշէջ
Առաքինւոյն եւ գեղեցկին,
Մահագուշակ խորշակն անդէն
Հասաւ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամէն
Ծըլած փթթած սրտիս մէջ նոր։
Այն, որ տըւաւ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եւ մարդկային վեհ սրտերուն
Ուսոյց սիրել գեղն ու բարին,
Ինչո՞ւ արդեօք խորշակահար
Կ՚ընէ ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդեօք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասուօք միշտ։
Ահա կ՚իջնեմ, ո՜հ, ես այժմէն
Առջեւս բացուած գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանէն
Ի՜նչ կայ արդեօք հաճոյք մ՚Անոր։
«Քերթուածներ» գրքի խմբագրական ծանոթությամբ՝ սա Դուրյանի առաջին բանաստեղծությունն է, գրված տասներեք տարեկանում։