Անցնել բովանդակությանը

Երեկոյան բալն կը սողար բարդիլ խավ

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Երեկոյան բալն կը սողար բարդիլ խավ, Աստեղազարդ անդունդն հյուսիլ լուռ ու սյավ, Տըխո՜ւր ըստվեր, զոր կը ձըգեր իր ետև Լուսափըթիթ օրն սիրայնոց կարճատև։ Կը նըշմարվեր հազիվ երկնի կապուտակ Գմբեթին խոր փալփլող ու ալվույն ջինջ հատակ Անդրադարձող գիշերվան աստղն անդրանիկ, Զոր գրկեցին շուտ Վոսփորյան ջինջ ալիք։ Մառը մտնող արփվույն մարեր հուսկ շառայլ Սառնամանուտ սարերու վրա քայլ առ քայլ, Ինչպես հյուծյալ կույսի մ՚ակնարկ առ դամբան, Ուր պարեն ցուրտ ծիծաղք սիրո դառնության, Ինչպես և իմ դյությալ ակնարկս առ արոտ, Զոր մըթագնեց մառախուղ մի նախանձոտ, Ալ չը կրցի ընդնշմարել էակն ան, Զոր գգվեին ճաճանչ, զեփյուռ իրիկվան. Հողմածածան իր շրջազգեստն ու հոպոպք Դեղձան վարսից գիրգ ուլան շուրջ ոսկի ծոպք, Կարծես ծաղիկ մ՚էր երազի հիասքանչ, Կը կոխկըռտեր այն ծաղկալից մարգաց լանջ. Թողե՛ք կոխել զի կը փթըթե ավելի. Երբոր հովիկն իր այտեն գույն գեղանի Եվ իր ամբիծ լանջեն առած քիչ մը հոտ՝ Տանի սփռե անապատներն ավազոտ, Ու ահա փթթին ծաղիկներ բյուր առավել. Անոր համար ի՞նչ է ծաղիկ փթթեցնել, Մինչդեռ սիրո կես դիակներ կը հառնեն՝ Երբ սև աչքեն սըլաք մ՚ուղղե բոցեղեն։ Լուսինն արդեն կը քողազգեր՝ պըճներ զինք Նուրբ ամպիկով, ուսկից ուսան թրքուհիք Ծածկել իրենց դեմքն հաջաղով նրբաթել, Անոր նըման տժգոյն ըլլալ և դյութել։ Լուսի՛ն, գըտիր լույս ցողելու ցածուն հյուղ, Ուր գեթ ցամքած է կանթեղին առկայծ յուղ. Մի՛, մի՛ սորվիր գաղջ արևեն ձըմեռվան Մոռնալ հյուղն, ուր ամայի է վառարանն, Եվ լոկ սրտերն հոն կը մըխան հուսահա՜տ… Ծագե հյուղին այն՝ բանաստեղծն ուր աղքատ Ինք լույս, կըրակ ոչ մեկն ունի գըրելու. Սարն իր աստեղց թո՛ղ, դըղյակն ալ ջահերու, Գընա՛ ցողել լույս տընակին այն ցածուկ, Ուր մայր մը գիրկն առած կայտառ մի մանուկ՝ Ցույց տալ կ՚ուզե քեզ Աստուծո զերթ պատկեր, Դու որ միայն սիրահարաց ես լապտեր։ Տերևներուն մեջեն արծաթ լի լուսինն Կը դիտեի՝ ինչպես որ դեմքն հարս կուսին՝ Երբ կը ծածկե քողքն հիմենյան ոսկեթել, Բայց սա վարդի փոխան գիտե լույս փթըթել։ Ալ աստղն աղոտ և կարծես թե ավելի Երկընքի լուրթ խորը սուզած կը փալփլի, Եվ վերջալույսն ալ կը մարի որ դեռ հոն՝ Հրդեհի նման բոցավառեր զհորիզոն։ Եվ դուք՝ կրա՛կք սիրո, մարիք շուտ և դուք, Տևեք ինչպես վերջալույսն այս բոցաշուք…։ Արդյոք արևն այսօր որքան սիրաբույր Կուսից լույս դեմքն այրեց, ուսկից մեղմ համբույր Քաղել դողաս, կը վախնաս թե կը թոշնի Իր այտերուն վառ վառ վարդեր գեղանի։ Թավուտք այսօր շուքերնուն մեջ առանձին՝ Խորհրդավոր ի՜նչ փըսփըսուք լըսեցին, Ի՜նչ խոստումներ, ի՜նչ մրմունջներ սրտմաշուք, Իսկ դո՞ւք, մացա՛ռք, հովանոցա՛կք, ա՜հ, իսկ դուք…։ Ո՜հ հովանի՛ք, թավո՛ւտք, խորշե՛ր անմարդի՝ Ուր դայլալիկ թռչնո, խորշյուն սաղարթի Եվ երբ լըսվի շրջազգեստի մը շրշյուն Չոր տերևոց վըրա՝ սըփռե զորս աշուն, Երբ շուքին տակ կույս մ՚առանձին ընե ման, Եվ տերևոց ետև դողամ անոնց նման, Որ չըլլա թե դիպիմ աչքին բոցեղեն, (Պե՞տք է դողա միթե տերևն արևեն) Երբ ծիծառնուկն ինձ հետ հեծե աղեկեզ, Ո՜րչափ ատեմ քաղքին ժխորն, սիրեմ Ձեզ։

Անավարտ է. գրքում փակվում է «Հիւանդութեանս պատճառաւ ընդհատուած» նշումով, իսկ Wikisource-ում տրված է «Ա.» վերնագրով՝ որպես ավելի մեծ գործի առաջին մաս։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Երեկոյան բալն կը սողար բարդիլ խավ» բանաստեղծությունը գիշերվա և սիրո մասին։

Դուրյանի ամենաերկար քնարական հատվածը՝ Վոսփորի իրիկնամուտի պատկերով սկսվող և կիսատ մնացած։ Առաջին մասը բնանկար է՝ մառախուղի մեջ մարող արև, առաջին աստղ, լուսին, որ ամպի քողով պճնվում է թրքուհիների պես, բայց ամեն պատկեր հետ է բերում սիրած աղջկան, որին մառախուղը ծածկեց։ Կենտրոնում աղքատ բանաստեղծի հյուղն է, ուր լուսինը լույս չի ցողում, և վերջում՝ թավուտների խորհրդավոր փսփսուքը, ուր բանաստեղծը տերևների ետևում է դողում, որ չդիպչի բոցեղեն աչքին։ Անավարտ է. հիվանդությունը ընդհատել է։

Ստեղծագործությունը պարունակում է 72 տող՝ 21-7-16-28 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 72