Անցնել բովանդակությանը

Կը սիրեմ զքեզ

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Ո՜հ, ո՞վ ես դու, սե՞ր, երկնային շո՞ւնչ կամ հո՞ւր, Քու սև անո՜ւշ աչերդ չունի գիշերը, Վարդը չունի քու լանջդ ամբիծ ձյունաթույր, Լուսին չունի քու վարդագույն այտերը։ Ցայգն՝ աստղերուն փաղփուն, լուսնույն սիրադեմ, Ցերեկն՝ ալյաց, ծաղկանց ժըպիտ մեկուն… գեթ. Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ, Դու չես շնորհեր նայվածք մ՚ինձ սև աչերեդ։ Արդյոք էա՞կ մ՚ես, թե երկնից զըվարթուն. Կը նախանձին գեղույդ վըրա վարդ, լուսնակ, Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթռուն՝ Նոճյաց խորերն կը սգա լըռին լուսինյակ։ Այլ ի՜նչ քաղցր է, եթե ըլլամ ես զեփյուռ, Եվ գըգվելով մազերդ խարտյաշ ու անոսր, Տամ շունչս հուշիկ այտերուդ վրա վարդասփյուռ, Սըրբեմ, եթե կա աչքերուդ մեջ արտոսր։ Պարտեզիդ մեջ իցի՜վ թե վարդ մ՚ըլլամ ես, Եվ երբ դու գաս առավոտուն ժըպտով պերճ, Որ քու այտերդ կարմիր գունովըս ներկես, Թոռմիմ… փափկիկ ձեռքիդ մեջ տամ կյանքիս վերջ։ Երանի՜ թե վըտակ մ՚ըլլամ ես վըճիտ, Եվ երբ հուշիկ նըստած մոտ իմ եզերքին՝ Պատկերանա հայելույս մեջ քու ժըպիտ, Պըղտորելով կապույտ ալիքըս ցամքին։ Այլ ոչ, ա՛նգութ, եթե ունիս սիրահար, Իցի՜վ թ՚անոր գերեզմանին վեմն ըլլամ, Եվ հոն թափած դառն արցունքներդ ծըծեմ հար, Ըզգամ դեմքդ… այլ ոչ, թեպետ վեմն, այլ կուլամ։ Ո՜հ, դու սիրե, գըգվե, ժպտե, Հայ աղջիկ, Քեզի համար պիտի մեռնիմ, թո՛ղ պլպլուն Արցունք մ՚հեղու դագաղիս վրա սև աչիկդ, Տըխուր շիրմիս վերև երգե թո՛ղ պլպուլն։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Կը սիրեմ զքեզ» բանաստեղծությունը սիրո և կինի մասին։

«Իցի՜վ թե»-ի քույր բանաստեղծությունը՝ նույն բացումով («Ո՜հ, ո՞վ ես դու, սե՞ր») և նույն երազանքների շարքով. զեփյուռ դառնալ ու շունչը տալ նրա այտերին, վարդ դառնալ նրա պարտեզում, վտակ, որի հայելում նրա ժպիտն ընկնի, և եթե ուրիշին է սիրում՝ գոնե նրա գերեզմանաքարը լինել։ Տարբերությունը վերջին տանն է. այստեղ բանաստեղծը դիմում է «Հայ աղջկան» և խնդրում է միայն մեկ արցունք իր դագաղին ու սոխակի երգ իր շիրիմին։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ բաժանված 8 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 32