Անցնել բովանդակությանը

Մթնշաղներ

Վերջալույսի աղջիկն է իր կուսության մեջ քրքում. Ինչո՜ւ մինակ մընացի երազիս հետ թախծագին. Թմբիներու բույրին տակ, նուռիներու ծաղիկին՝ Ա՜հ, ինչո՞ւ ես մընացի գիրկն երազին այս տրտում։ Ո՜վ դուն հիրիկ ծաղկանույշ, երբ անցար հետ լույսերուն, Բան մը փըլավ հոգվույս մեջ քայքայումով ողբագին. Դարձիդ քի՜չ մըն ալ ժպտե սա՚ լուսաբաղձ հիվանդին՝ Որ քիչ առ քիչ կը մեռնի՜ կառչած իր խոլ հույսերուն... Մութը կ՚ իջնե հոգվույս՝ ուր վաղո՜ւց գիշեր է արդեն. Ըսպասումի՜ ցայգ՝ ուր դեռ չըշողաց լո՜ւյսն երազին. Հազիվ քիչ մը բույր ծըծած մոռացումին ես վարդեն Նորեն քեզի՜ կը դառնամ, ա՜կն արեւիս ոսկեծին։ Լուսնի պայծառ տիվին տակ պիտի համրեմ անդադար Բուստե զարկերն ոգեւոր՝ առույգ սիրո երազին. Ա՜հ, քիչ մը լո՜ւյս, ժըպի՜տ մը՝ որ կյա՜նք ինծի պիտի տար, Եվ փարատեր լըքումն՝ որ կը ծանրանա իմ ուսին։ Եկո՜ւր, արդեն կը մըսի՜ն հեք երազներն իմ որբուկ, Ա՜լ հոգնած եմ անցնելեն կածաններե մենավոր, Անձրեւ կ՚ իջնե հոգվույս մեջ, կըզգամ մահվան սրսըփուք, Ձեռքս է պարապ մընացեր դատարկին մեջ սըգավոր։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20