Մշուշին մեջեն
1903
Բամբ սույլ մըն է՝ որ դեռ կը տառապի
Այս գորշ առտվան մշուշին մեջեն.
Տարտամ նայվածքներ դեռ կը դանդաղին
Մըշուշին մեջեն, որ կը խոպոպի։
Խոլ հսկան է ան՝ որ կը տառապի
Հառաչ մը թողլով իր հիմար կողեն.
Ձայնը՝ որ կու լա մըշուշին մեջեն
Կարծես հոգեվար երգ մ՚ է կարապի։
Թոշ ամպիկներեն դեռ կը վարանի
Բոց տարփանքներու ցանցերովն հյուսված,
Երազը կապույտ, հույսը ծիրանի։
Հուրի մը սերըս անոր կը տանի.
Թույլ մըշուշներուն մեջեն թանձրամած,
Մինչդեռ կը հեծե սույլը տիտանի։
1903