Մերժում
1902
Մեկ համբույրըդ զիս պիտ՚ ըներ երջանիկ,
Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ,
Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր.
Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր։
Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ
Ու սեւերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ
Ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ.
Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։
Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր,
Այդ «ոչ»ըդ սուր սիրտես սորեց արյուններ.
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին
Գալարեցուց սեւերու մեջ իմ հոգին։
Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր.
Այն օրեն, երբ սեւ բաժակըն այդ թույնի
Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՚ արյունի։
1902, Սվազ