Մանիշակ ու մամուռ
Ժայռերու զով շուքին տակ
Կանանչ խոտի խուրձ մը կար՝
Որ ունենալ կը ցանկար
Քարին գույնը կապուտակ։
Ինքը ցողի՚ պետք ուներ,
Որ գույներով զանազան
Կազմեր ծաղիկ, ծիածան՝
Երբոր արեւը փայլեր։
Քարն երջանիկ էր ո՜րքան...
Առանց ցողի ալ՝ գույներ
Ու ծաղիկնե՜ր կը շիներ՝
Շողերուն հետ օգնական։
* * *
Խոտին խուրձը բարձրացավ
Քիչ մ՚ ամեն օր քարն ի վեր,
Որուն՝ սրտիկն իր բացավ,
Պատմեց բաղձանքն ու ցավեր։
Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ղբըրուկ,
Տայիր գույներ անուշակ
Ու նըվերիդ փոխանակ՝
Գույնիս ընծա՜ն առ խաժակ։
Ցանկալի՜ քույր, ա՜ռ, որքան
Կ՚ ուզես գույնես եւ ընծան
Տուր կանանչիդ կենսական՝
Երակներուս անկենդան։
* * *
Գիշերն համբուն քաղցրացան
Քարն ու խրձյակը խոտին...
Եվ երբ շողերն ավոտին
Հորիզոնեն բարձրացան՝
Ժայռին շուքին տակ գըտան
Խոտին ծաղիկն ու բաժակ,
Եվ երբեմնի անկենդան
Քարն ալ՝ ժպտուն ու խաժակ։
Եվ այն օրեն մանիշակ
Ծաղկեցավ թուփն, ու դաժան
Ժայռեն եղավ անբաժան՝
Մամուռին գույնն անուշակ։