Անցնել բովանդակությանը

Կապույտ հածումներ

Կը դառնան ժիր կախիլներն իմ ապըրշումե անրջանքիս, Ոլորելով դեղին, ճերմակ մահն երբեմնի շերասներուն. Խըռովանքիս մեջ կըսպասեմ, ո՞ւր, արդյոք ո՜ւր պիտի հանգի Կույս ու ծաղիկ երազներուս դեղձան շառափը մարմըրուն։ Դառն հրճվանքով ես կը դիտեմ խելխոլ շրջպարն այդ դարձդարձիկ, Գիրկն անդորրիս կիսամըրափ եւ անձկանքիս մեջ ամրափակ, Տենչ մը դալար բաղեղի պես կը պլլըվի հոգվույս բաղձիկ՝ Զոր տենդագին կը գալարեր հուր սերերուն ուժգին պապակ։ Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե՚ հեշտին համբույրն անույշ լելակներուն, Ու թեւաբախ սուրա հոն՝ ուր զույգ մը դաշտեր բիլ սմբուլի Քեզ կըսպասեն՝ խնկապատար ցայգուն ցողովը թաթավուն, Իրենց անհուպ միայնության մեջ՝ սըգավոր ու հեշտալի։ Շրջանն ըրե մարմանդներուն ու ծաղկածին հովիտներուն, Անցիր տըմույն ըստվերներու մեջ աղոթող անտառներեն, Գոտի հյուսե շուրջն ալեւոր քարշեպներուն ու գալարուն Գետին վըրա՝ որ կը վազե հըռնդալեն ու հեւալեն։ Անցիր փաղփուն հյուսիսայգին բորբ աչքերու շամանդաղին, Մինչեւ եդեմն արտոսրազօծ՝ կանացի բոց հոգիներուն, Ըսե կրակոտ նայվածքներուն թե մանո՜ւկն եմ իրենց խաղին Ու տար անոնց դողն ըստվերոտ պաղատանքիս իմ մոլորուն։ Այս իրիկուն, լուռ, անշըշուկ, օրհասին հետ բզզյուններուն, Ու խաղաղիկ հորձանքին մեջ թռչուններու ցայգանդորրին, Այս իրիկուն, թե՜լն անուրջիս, գընա՚, անցի՜ր, հուշիկ հեռո՜ւն՝ Լուսածըրար երկինքներու ճամբաներեն լայն ու լըռին։ Խոլ դարձիդ մեջ, գընա՚ պահ մը կայքն ադամանդ աշխարհներուն, Ժապավենիդ վրա շարելով անոնց արցունքը գունագեղ. Խորասուզե ծոպդ ոսկեզօծ՝ ծովածիծաղ ու թրթըռուն Քընարին բիլ նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ։ Ու շնչահատ վազե մինչեւ միգամածներն ոսկեփոշի, Ու ցնծագին անցիր անոնց մըշուշապատ շավիղներեն, Բայց անոնց բյուր շըլացքներեն քու ճղճիմ հուրքդ երբոր մաշի, Փութով ինծի՚, փութով ինծի՚, փութով ինծի՜, դարձիր նորեն...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 32