Իրիկունը
Սա իրիկունն ըլլայի ես
Եվ հըպեի ճակտին ամեն անցորդի.
Չքնաղագեղ ու նըվաղուն համուրդի
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
Լի երգովը թռչուններուն, մարդերուն,
Ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկո՜ւնն ես ըլլայի,
Թույլ, նազենի, շըղարշային, վարդաբույր,
Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր
Վըրան ամեն հոգիի։
Սա իրիկունն ըլլայի ես,
Լի զանգակին ղողանջներովն երկնաճեմ.
Խնկապատար, օծուն, ջահված ժամի պես
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
Իմ անդորրիս մեջ ոգեւար աղջըկան
Մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքես.
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն.
Սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
Որ կը մարի սատափ բարձին վրա ցայգուն.
Թոթափող վարսքը գունագեղ ու ծըփուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես.
Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։