Անցնել բովանդակությանը

Իրիկունս

Բանաստեղծ Վահրամ Թաթուլին Իրիկունս է բարի՜, բարի՜, ու լիաձեռն ու հոտեւան. Ոսկի ուղ մը՝ կամուրջ եղած ընդմեջ տիվին ու գիշերվան։ Վարսադիտակ ծառերուն տակ կը կղկաթիմ լույսին համար. Արեւին պերճ լույսին համար՝ որ կը փաղփի քրքմանըկար Մեջն հոտեւան ծայրիներու ծայրածավալ ծաղիկներուն՝ Ուր դիցանվեր բաժակներու քամեց ամբրոսն անհագ մեղուն։ Ծառոց ետին ճաճանչավուխտ պաստառ մըն է արեւն ոսկի, Ուր ծաղկածին ուղեշներու ճամուկ հյուսքը կը սողոսկի։ Ու զեփյուռն ալ, կայտռուն համբույր, մանկություն մ՚ է վերադարձած. Ու ջրցայտքն ալ՝ փսփսուքն է բարեկամին՝ մըտերմասաց։ Սյուքն աղջընակ՝ որ հյուսիսեն կը քնքշանա հոգվույս վըրան. Ու ջրցայտքն՝ որ լաջակ կ՚ ըլլա նարկիսներու գլխուն դեղձան, Կամ արտասուք՝ աչքերուն մեջ շահպրակներու հույլին ցիրցան Ու քաղցրությամբ կ՚ օծե մենիկ ծաղիկներուն այդ լըռարան։ Ու թերթիկներ շահարիկի շընորհք՝ կ՚ իյնան ափերուս մեջ, Բայց ափերուս՝ որ կ՚ երկարին լույսի խուրձին փողփողենէջ։ Ահա՜ կ՚ անցնի, մըշուշված բիլ կազով տեսիլ մ՚ ալ զերթ ալիք. Զարմանուհի մ՚ է վարսագեղ, կաթ ու վարդի՜ հըրաշալիք... Հավերժահարս կաթ ու վարդե, ծաղիկ, ճաճանչ, ջուր ու զեփյուռ... Շա՜տ էր լեցուն հոգվույս, ո՜վ Տեր, բազմազեղումն այս շրջասփյուռ...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 21