Այգերգ
Այգն է ծաղիկ երազով լի ու բալաձիգ՝ թեթեւորեն.
Մըշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի.
Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսի,
Այգն է ծաղիկ երազով լի ու բալաձիգ՝ թեթեւորեն։
Երկու բոցե թեւերու մեջ ծովանըկարն է սխրալի՜.
- Կապույտի՜ փառք ամրափակված շրջագիծով ոսկեդրվագ, -
Ուր ցնծալից թեւճակներու հեշտերգն ունին կուր ու նավակ.
Երկու բոցե թեւերու մեջ ծովանըկարն է սխրալի՜։
Պիտի ըմպե՜մ բոցն արեւին, ճառագայթի՜ եմ ծարավի.
Պիտի ծըծեմ բույրն առտըվան՝ հոգվույս համար՝ որ հիվա՜նդ է.
Հոգվույս համար՝ որ կ՚ երազեր գգվոտ ու մեղմ շունչն հարավի,
Պիտի ըմպե՜մ բոցն արեւին, ճառագայթի՜ եմ ծարավի։
Քիչ մըն ալ դո՚ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար՝ որ հիվա՜նդ է.
Նայվածքի խաղ՝ որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ,
Տարիներով իմ երազս էր սիրո գարուն մը խաղաղիկ,
Քիչ մըն ալ դո՚ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար՝ որ հիվա՜նդ է։
Սեր-Արեւիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի,
Զերթ արեւին լեզվակն ոսկի՝ որ կը ծըծե մըշուշն այգուն.
Ո՞ւր է ճաճանչն, հուրքը ջերմին՝ որ մառախուղն առնե տանի,
Սեր-Արեւիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի։
Թեմաներ