Անցնել բովանդակությանը

Առնչություն

Այսօր կաթվարդ երազե մը արթնցա, Գիրկս անսահման գրգանքներու է բացվեր. Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա՝ Նոր տարփանքիս թիթեռնիկին հիր թեւեր։ Այսօր իղձով իմ հոգիս է կաթոգներ. Ու վարդի պես կը բացվի սիրտս իբր ընծա Այն լուսոռոգ պատարագին սրբանվեր՝ Զոր ծափեցին իմ երազներըս ծնծղա։ Երեկ գիշեր իմ հոգիս էր ինկած, ա՜, Թավիշին մեջ կախօրրանին ոսկելույս՝ Զոր ճոճեցին մինչեւ առտու, մինչեւ Հո՜ւյս, Ըղձանույշներն իմ Տենչանքիս նախընծա։ Այսօր լույսի ծովի մը մեջ արթնցա, Գիրկս անհամար գգվանքներու է բացվեր. Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա՝ Մանուկ բույրեր եւ աղջըկան պես հովեր։ Մանուկ բույրեր եւ աղջըկան պես հովե՜ր՝ Որոնց շուրթերն էին փնտռեր ընդերկար, Ու գրկանքին խանդաղատ գիրկս էր բացվեր. Երանությո՜ւն, լույս րոպեին մեջ երկա՜ր... Եկո՜ւր, անցնինք ծառաստանեն այս Լույսին, Ու բացատքեն Գույնին, Ձեւին ու Բույրին. Եկո՜ւր, Հոգի՜ս, եկուր երթա՚նք միասին, Մինչեւ եդեմն աստվածաձայն, մինչեւ Կի՜ն...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 24