Գայլն ու գառը
Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից,
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վերևը՝
Խոսքին տալով էս ձևը.
— Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն,
Այ դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես,
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես։
Բռնեմ դունչդ,
Կտրի շունչդ։
— Մի բարկանար, պարո՛ն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում, որ…
— Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,
Էս էլ չըլնի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ նույն օրը
Հայհոյեցիր իմ հորը։
— Մի տարեկան դեռ չկամ…
— Է՛հ, եղբայրդ էր անզգամ։
— Ես մի ծին եմ մինուճար։
— Խնամիդ էր անպատճառ
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից,
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր ծների,
Հովիվների
Ոխը քեզնից ես կհանեմ,
Տե՛ս, գլուխդ ինչ բերեմ։
Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ, թռավ
Անտառը։
Էստեղն ի՞նչն է գլխավոր,
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավոր։
Թեմաներ