Անցնել բովանդակությանը

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի… Բայց դեռ չառած համը իսկի՝ Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, Էրվեց Պանրի հոտով։ Վազեց-գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը։ Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին, Հեզիկ, նազիկ, փափկամազիկ Բացեց լեզուն անուշ-մեղուշ, Թափեց, չափեց շաքար ու նուշ. — Ինչքա՜ն լավն ես, Ես քո գերին, Քո էդ սևիկ Վառ աչքերին, Նուրբ ծալքերով զույգ թևերին։ Մի դու մտիկ, Էդպես քթիկ, Էդպես ճտիկ, Մախմուր ագին, խաս ու ղումած, Ատլասն հագին։ Գիտեմ, անշուշտ, իմ ուրիկի Ձայնն էլ կըլի հրեշտակի։ Երգի՛ր, քուրի՛կ, մի՛ ամաչի, Իմ ուզածը մի մեծ բան չի։ Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ Երգելում էլ եղար վարպետ Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, Թռչունների մայր թագուհի։ Ագռավն ազին իրեն տված Գովեստներից շշմած, ուռած՝ Ագռավային Բկովը մին, Որ չկռռաց, Պանիրն ընկավ ծառիցը ցած, Շողոքորթը առավ, գնաց։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 45