Քամու համբույրը
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին։
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,—
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի։
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում։
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա։
ՆԱԽԱՆՁ
Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ էր Երևանում,
Ամենքի հետ քեֆ է անում
Ծաղիկ ծախող Կարաբալան։
Գլխարկներ է փոխում հաճախ…
Եվ մշտական կեպուց բացի,
Մի օր դնում է նոր փափախ,
Մի բերետ մի կանացի։
Մակինտոշ է հագնում մի օր,
Մի օր հին ջուլ ու փալան,
Միշտ ուրախ է ու բախտավոր
Ծաղիկ ծախող Կարաբալան։
Մեկ էլ տեսար գոտին հանեց,
Մեջքին կապեց մի հին պարան,
Կարծեմ մի քիչ դերասան է
Ծաղիկ ծախող Կարաբալան։
Բարեկամներ ունի նա մոտ
Եվ ընկերներ ամեն տիպի…
Ծանոթ լինի, թե անծանոթ
Բարևում է ում հանդիպի…
Ո՞վ չգիտի, ասեք, նրան,
Ո՞վ չի նրա ծաղիկն առնում,
Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ է Երևանում։
Բայց մի պոետ չի դիմանում,
Գանգատվում է սրան-նրան,
Թե ինչու է Երևանում
Այդքան հայտնի Կարաբալան։
Թե իր փառքն է նա գողանում,
Թե իր գոված հազարանուն
ծաղիկներն է նա վաճառում
Եվ դրանով հայտնի դառնում։
Ու գոչում է բարձրաձայն,
Թե.—երբ ես կամ Երևանում
Էլ ի՞նչ ունի, ի՞նչ է անում
Ծաղիկ ծախող Կարաբալան…