Սերմնացան
1890
Ահա եկան աշնանային թուխպ օրեր,
Մաղմղում են մանրահատիկ կաթիլներ.
Ծառերն իրանց տերևներից մերկացան,
Կռունկները շարան-շարան անց կացան։
Սևացել է դաշտը անթիվ ցելերով,
Բայց մի կողմից դեռ վարում են արորով,
Սերմնացանը գոգնոցն ածած սերմնացուն,
Սերմ է ձըգում աղաչելով աստըծուն.
«Ով տեր աստված, դո՛ւ իմ ցանքը պահպանես,
Առատ անձրև, կարմիր արև չըխնայես.
Մեկ բուռն ահա ես տալիս եմ մկներին,
Այս մեկ բուռն էլ ագռավներին, ծտերին։
Բայց մարախը գոհ չի մնալ մի բռով,
Երկու կըտամ, թող կշտանա սրանով.
Մեկ բան էլ կա, որ անունը չեմ տալիս,
Այն դու գիտես… վերևից է նա գալիս։
Դու սրանցից արտըս պահիր անվնաս,
Ես տերտերից չեմ խնայիլ կալամաս.
Վանականներ, գործակալներ ինչքան գան,
Բոլորեքյանք առատ բաժին կըստանան։
Կերթամ Մարաս խունկ ու մոմով, մատաղով,
Միայն արտըս դու պահպանիր ապահով։
Էլ ի՞նչ ասեմ, աստված, ինքըդ լավ գիտես,
Թե ինչ պարտքի, պատուհասի մեջ եմ ես.
Գող-ավազակ մի կողմից են կողոպտում,
Պարտատերըս մյուս կողմից է ինձ խեղդում։
Դրանց ձեռքից եթե մի բան է մնում,
Այն էլ գայլի կամ ցավի է զոհ դառնում.
Մի տուն լիքը երեխեքս մերկ, քաղցած,
Տարին առատ, բայց ես չունիմ կորեկ հաց.
Հույսըս ահա ոտքիդ տակին փռած է,
Քո սուրբ աջը սըրա վըրա տարածե»։