Անցնել բովանդակությանը

Ճախարակ

1882

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սիպտակ մալանչներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր։ Ձեթ եմ ածել ականջներըդ, Նոր շինել եմ շրտըվիկ, Դե՜հ, շո՛ւտ շարժիր լայն թևերըդ։ Ոստեր շինիր սըրուլիկ։ Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Լիսեռնիկըդ պտըտիր, Մանիր թելեր հաստ ու բարակ, Իլկիդ վըրա փաթաթիր։ Տիգրանիկըս գուլպա չունի, Հանդ է գնում ոտաբաց, Գաբրիելըս չուխա չունի, Միշտ անում է սուգ ու լաց։ Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սիպտակ փաթիլներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր։ Չըվալ չունինք, չաթու չունինք, Ոչ սամոտեն, ոչ պարան, Այսպես աղքատ դեռ եղած չենք, Կտրվել է ամեն բան։ Դեռ հարս էի, որ գործեցի Քանի կարպետ խալիչա, Բայց դրանցից շուտ զրկվեցի, Հիմա չունիմ մի քեչա։ Կարմիր օրըս երբ սևացավ Եվ պարտք մնաց թեև քիչ, Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ — Եկավ տարավ ամեն ինչ։ Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սիպտակ քուլաներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Ճախարակ» բանաստեղծությունը (1882) աշխատանքի և աղքատության մասին։

Մանող կնոջ երգ, որի կրկներգը՝ «Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ», ամեն անգամ վերադառնում է նույն տողով՝ «Որ ես հոգամ իմ ցավեր»։ Կրկներգների արանքում կյանքն է՝ Տիգրանիկը գուլպա չունի, Գաբրիելը՝ չուխա, պարտատերը տարել է ամեն ինչ, և հարսնության օրերի կարպետներն էլ չկան։ Ճախարակի ռիթմը հենց աշխատանքի ռիթմն է, որով ցավը տանելի է դառնում։

Ստեղծագործությունը պարունակում է 36 տող՝ բաժանված 9 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1882 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36