Փի՛ղն հսկա մի կենդանի,
Չո՛րս ուղտի չափ հե՛շտ կլինի,
Ի՛նքն զգայուն
Ե՛վ իմաստուն,
Վրան կառնե մի ամբողջ տուն։
Թե ինչպե՞ս է տեսքովն էլ նա,
Պատկերի՛ մեջ լա՛վ կերևա,—
Գլուխը հաստ մի ծառաբուն,
Քի՛թը երկար յո՛թը կանգուն,
Մյուս կողմերն էլ սրանց նման
Կո՛շտ ու կոպիտ, հսկայական։
***
Այսպես մի փիղ ժամանակով
Ա՛նց էր կենում մե՛ծ քաղաքով։
Հե՛նց որ տեսան այդ կենդանին,
Ե՛զն ու գոմեշ, ձի՛ն ու ջորին,
Ո՛ւղտն ու ե՛զը, շո՛ւնն ու կատուն,
Սարսափելով՝ փախան իսկույն։
Չվախեցավ միայն մի շուն,
Կամ ճիշտն ասած՝ փոքրիկ շնիկ.
Փոքրիկ շնիկ,
Բայց շատ ճարպիկ,
Պստիկ —
Չստիկ…
Չստիկն աղմուկ բարձրացրեց
Եվ հաչելով հասկացրեց
Մե՛ծ շներին,
Բողարներին,
Թե՝ փախչելը ամոթ բան է,
Փիղն ի՞նչ է, որ մեզ սպանե։
Այս ասելով՝ վրա վազեց,
Փղի ոտքից մի պինդ կծեց
Փիղն այդ զգաց,
Բայց լուռ մնաց։
Երբ Չստիկը մեկ էլ խածեց,
Փիղը արագ պտույտ գործեց,
Որ շնիկին բռնե շուտով,
Կամ մի զարկ տա երկայն քթով։
Չստիկ շնիկն այդ հասկացավ,
Ճարպկությամբ մի կողմ անցավ.
Կրկին աղմուկ բարձրացրեց,
Մեծ շներին խրախուսեց։
Հավաքվեցին մեծ շները,
Զանգին, Զրանգին և մյուսները,
Հարայ-հրոց բարձրացրին
Եվ բլրաչափ զռփի փղին
Վախեցրին
Ու փախցրին։
***
Ճշմարիտ է, մեր Չստիկին
Հին ժամանակ տնազ արին,
Մեղադրեցին
Ու ասացին,
Թե ինչպե՞ս է հանդգնացել
Ու մեծ փղի վրա հաչել։
Բայց երբ խելքով հասունացան,
Գլխի ընկան
Ու իմացան,
Որ մեծե՛րն են լինում վախկոտ,
Իսկ փոքրե՛րը՝ քաջ ու սրտոտ։
Թե այս բա՛նը բնակա՛ն է,
Իսկ պատճա՛ռը պատմակա՛ն է։
***
Բայց դուք, փոքրեր, երբ մեծանաք,
Ոչ մի բանից չվախենաք,
Թո՛ղ լինի փիղ, ա՛րջ ու վարազ,
Գա՛յլ ու առյուծ, վա՛գր ու հովազ,
Հարձակվեցեք անահ սրտով,
Եվ անխռով՝
Թե՛ միայնակ
Եվ թե՛ խմբով…
Ղազարոս Աղայանի «Փիղն ու Չստիկը» բանաստեղծությունը (1907) առակի և մանկականի մասին։
Առակ փղի և փոքրիկ շնիկի մասին. երբ փիղը քաղաքով է անցնում, եզն ու գոմեշը, ուղտն ու մեծ շները փախչում են, մենակ պստիկ Չստիկն է հաչում, կծում ու մյուսներին ամաչեցնում, մինչև բոլորը միասին փղին փախցնում են։ Երկրորդ մասը շրջում է ծաղրը՝ մեծերն են վախկոտ լինում, փոքրերը՝ քաջ, և վերջին տողերը երեխաներին են՝ երբ մեծանաք, ոչ մի բանից չվախենաք։
Ստեղծագործությունը պարունակում է 68 տող՝ բաժանված 3 մասի։