Հիշողություն
1887
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվան բույնն էր հիշում։
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել։
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվան բույնն էր հիշում։
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճանպին հափշտակեց
Արյունարբու թշնամին։
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվան բույնն էր հիշում։