Եփրեմ
«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»
Դագաղն արդեն փակվեցավ. վըրան վարդեր Շիրազի,
Սուր մը հըսկա, դեռ ջերմիկ, ուրկե արյո՜ւն կը հոսի։
Կափարչին տակ կը նիրհե, անմահությամբ սըրարբած։
Շանթն Աստուծո՝ խորտակված։
Զինվորներ լուռ կ'արտասվեն, թնդանոթները կ'ողբան
Ահեղ անունը անոր, բարձունքներուն վրա լերան,
Եվ ձորերուն մեջ իրենց պողպատակուռ երախեն
Կ'հեղուն արցունք հըրեղեն։
Եփրե՜մ… անունդ ավասիկ քանդակվեցավ խորասույզ
Արծիվներուն կուրծքին վրա, և ճակատին վրա դարուս,
Անուն մոր միշտ կայծակո՜վ փորագըրված պիտի մնա
Ազատության սուրին վրա։
Երիվարիդ վրա անցար՝ ինչպես ամպրոպը կ'անցնի՝
Տանելով կրակն երկնային իր ծոցին մեջ հոլանի.
Դուն լոկ պատանք ըզգեցար, սըփռեցիր քու ծիրանին
Ժողովուրդներու քամակին։
Կարիպալտին՝ Հռովմինն է, և Բոնաբարդ՝ Ոճիրին.
Կը պատկանիս դո՜ւն միայն Ազատության Ոգիին։
Ըզքեզ խրճիթ մը ծընավ, հայ վիշտը քեզ օրորեց.
Այդ վիշտին չափ եղար մեծ։
Հայրենիքն այն, զոր քու մեծ ըստվերովդ իսկ լեցուցիր։
Ի՜նչ փույթ թե օր մը հյուղիդ քարերն ըրավ ցանուցիր,
Գերիներու շըղթան ա՜յժմ էր քավությունը ինքնին
Հազկերտներու ոճիրին։
Պատառ պատառ կը հոշվեր ձեռքերուն մեջ Բըռնության
Հաֆըզներու երկիրն հեգ, սոխակներու Վարդաստանն։
Հարկ էր փըրկել Գեղեցիկն ու Գաղափարը ցանված.
Կապեր սուսերըդ Աստված։
Նըժույգդ հեծար, հեծար այդ կայծակնավազ կենդանին՝
Որուն չհասան քամիներն ու ետևեն հևացին.
Մռունչը փողիդ թավալեց գոռող վաշտերն հըրեղեն՝
Եվ Ահրիմանն՝ երկինքեն։
Քաղաքներուն ապըստամբ դըռներն ի փուլ բացվեցան
Հրանոթներուդ կատաղի շունչին առջև հրահոսանք
Խըլեցիր թագն Իպլիսին, ու զայն դըրիր վերըստին
Մանուկի մ'հեզ գըլուխին։
Փախան Շահերն առջևեդ. Պատմուճաննին պատառտուն
Հազիվ բավեց ըլլալու պատանքն իրենց զորքերուն։
Սիրեր նըժույգդ հաղթական դընել անոնց գահին վրա
Լուսաբուղխ պայտն արյունլվա։
Դուն սիրեցիր ողջունել ծագող Արևն Իրանին
Աստվածորեն միշտ կանգնած թընդանոթիդ կատարին,
Կառքիդ ետև շըղթայած՝ բերիր գերի բանակներ
Ժողովուրդիդ վերդ նըվեր։
Բայց ակոսն այն, զոր սուրովդ հողին լանջքին վրա բացիր
Պետք ուներ քու արյունիդ որ բողբոջեր լուսալիր.
Եվ մարմարյա՝ ճակատիդ պոռթկաց Արյունդ հըրաշող
Արշալույսին պես ծագող։
Ինկա՜ր… նըման արծիվին որ կիյնա վա՛ր ամպերեն՝
Ճանկին մեջ շանթը շոպած, հոգվույն մեջ մաս մ'արևեն.
Անհունին մեջ քու անկումդ ինչպես նաև սըրտերու
Բացավ ակոս մահարկու։
Ով որ զարկիր թուրիդ տակ՝ դյուցա՛զ մ'ըրիր զանիկա։
Դյուցազնացար ավելի դուն քու մահովըդ հըսկա։
Ա՜յս է վըճիռն, երբ Աստված կարկառե պսակը փառքի՝
Հանճարն հարկ է խոնարհի։
Խոնարհեցար արյունլվա՝ խորության մեջ անհունին
Ինչպես Արևն հըրավառ կ'ընկըղմի ծոցն օվկիանին.
Մարմինդ Անդունդը առav, սուրըդ առav Եհովան,
Անունդ առav Ապագան։
…Կ'երգե Իրանն հաղթանակ, արդեն կու գա նոր Գարուն,
Եվ կը հյուսվի դափնիի ճյուղ մը՝ քնարիս լարերուն։
Իսպահանի լիճերուն մեջ կարապներն աղվական
Մարգրիտներով կը լոգնան։
Զո՜ւր է, Եփրե՛մ. Մինչ ազատ Ժողովուրդները արդեն
Պըղընձախյուսն արձանիդ Արշալույսով կը շաղվեն,
Հո՛ն, շիրմիդ վրա, հերարձակ Մայր մը կա միշտ ցավագին
Լըքվա՜ծ Վիշտին մեջ կըրկին։
Թեմաներ