Անցնել բովանդակությանը

Մատյանն ահա…

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Բարեկամիս՝ Հովհ. Պալյանին

Մատյանն ահա՝ զոր խոստացա… Երբ գըտնես Հոն դարերու կյանքին Երազն, անհատակ, Եվ Բագոսի քըրմուհիներ վարդերես Որ կը պարեն բըլուրին վրա, լուսնին տակ, Եվ աստվածներ՝ որ կ'ուզեն սիրտն Հոմերին Դեռ ողջակեզ, կամ Մեսալին մ'հրաչյա՝ Որ պատանքի տեղ կը սըփռե ծիրանին Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա, Երբ հոն գըտնես Պոմպեի գիշերներ, Նո՛ւռն՝ հրաբուխին բերանին վրա հասունցած, Հետո այս Դարն՝ Հիսուսի պես կարևեր՝ Արշալույսի մը երկունքեն բըռնըված։ Երբ հոն գըտնես սիրտեր ճրագի պես մարող, Մաքառումներն երկաթներուն ու մարդուն, Ցեխեն կանգնող Ոճիրը խեթ, անսըքող, Որ կը խըմե արյունն անմեղ վարդերուն, Ո՛վ բարեկամ, խորհե թե Երգս է պատմեր Ցավն հաճույքին և հաճույքները ցավին. Սիրտն ըսկիհ մ'է՝ ուր երբ լեցվին գինիներ Աստվածներու սուրբ արյունին կը փոխվին. Խորհե թե սանձն արևաբիբ Բեդասիս Ոչ ոք կըրցավ իր ափին մեջ ամփոփել. Ագռավներու կըռընչյունները ամախիզ Խըրտչեցընել չըկըրցան վազքն անարգել. Խորհե թե միշտ քըննադատն է միաչյա, Եվ ներքինի՝ բարոյագետը խոհեմ. Տառապած Սիրտն ո՞վ պիտի կշռել կարենա Նըժարին մեջ՝ Տիեզերքին դեմ առ դեմ։ Ա՜ն լոկ կըրնա ճանչնալ Երազը սրարբած՝ Ո՞վ կ'արբենա կյանքի դիրտովն ու խունկով, Ա՜ն որ Մարդն է՝ լույսով ցեխով թըրծըված, Ա՜ն որ Մարդն է՝ սըրբագործված արցունքով։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 32