Անցնել բովանդակությանը

Մամուս աղոթքը

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Լիալուսնին դեմ նըստած Մամս ալևոր կ'ընե աղոթքն իրիկվան։ Գըլխուն վերև սև չըղջիկներ կը դառնան. Կ'ապրի սըրտին մեջ Աստված։ Շըրթունքներն իր (սո՜ւրբ վարդեր Թոռմած առջեն Աստվածամոր խորանին) Կը շարժին ա՜յնքան մեղմորեն՝ որ հոգին Իր ըսածն ի՛նք չի լըսեր։ Ցո՜ւրտ շողին տակ լուսինին Հանդարտորեն վար կը կախվի գլուխը ծե՜ր, Տըխրահակ, խո՜նջ, իբրև. նմանիլ ան ուզեր Մեր այս դարուն հավատքին։ Հայր մեր… Բայց չի դառնար ա՜լ Գարունն հին, մա՜մ, կալերուն երգը աղու. Արյունն ետ չի՜ շեղիր զարկեն. վայլելու Իղձդ արթընցավ, բայց մա՜հն ալ։ Ողջույն… Բայց միշտ պիտ պարապ Մընան ոսկրերդ ավյունի մեծ հոսանքեն, Եվ մերթ բեղուն կողերուդ մեջ պիտի լռեն Ա՜լ հին սերերն հըրատապ։ Բայց ո՜հ, գիտեմ, դուն ծարավ Ես Երկինքին՝ որուն մինչ ցարդ հավտացիր, Որուն համար մարմինըդ միշտ ծընրադիր Հոգվույդ առջև ապրեցավ։ Երկինքը քուկդ է, ո՛վ մամ, Քանի որ ծեր բիբերուդ մեջ դեռ անեղծ Մընաց անոր կապույտն՝ ամեն ամպե զերծ, Քանի որ, մայր բարեխնամ, Արյունիդ հետ միասին Ծիծերըդ հինգ զավակներու քամեցիր։ Եղար աննենգ. և բարձեդ մաս չըտըվիր Օտարներու գըլուխին։ Եվ հիմա որ, ո՛վ հանիս, Ճերմակ մազերդ լուսնին խառնած՝ մեր կրոնքին Փողերուն վրա կանգուն կը մեռնիս ծեր և կին՝ Պիտ՝ վաղը կո՞ւյս վերածնիս։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 36