«Ոսկի թիթեռնե՛ր — ոսկեհուր աստղե՜ր —…»
1912
Ոսկի թիթեռնե՛ր — ոսկեհուր աստղե՜ր —
Ծո՛վ մարմարայի — լուսեղեն անո՛ւրջ.
Գինով գիշերներ, լուսնի վառ շողե՜ր,
Մույգ նոճիների դյութական մրմո՛ւնջ…
Հուշերը նորից սիրտըս են տանջում,
Լուսեղեն երա՛զ, որ հիմա չկա.
Հոգիս մենավոր, վաստակած թռչուն,
Խավար ու խորին ծովերի վրա…
Մի երգ գիտեի՝ անո՛ւշ, ոսկեշո՛ւնչ,
Լուսեղեն երա՛զ՝ հեռո՜ւ, հեռավո՛ր.
Ա՜խ, նոճիների դյութական մրմունջ,
Օրօրե՛ք մեղմիկ հոգիս վիրավոր…
1912, Կ.Պոլիս