«Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին…»
1907
Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին
Ձըմռան հողմերից ծեծվա՛ծ, տառապա՛ծ. —
Այս գայլն է թըշվառ՝ լեռան լանջերին
Դառն հեծեծում ցըրտահա՜ր, քաղցա՜ծ…
Մենավո՛ր, խըղճո՛ւկ, դու վիրավոր սի՛րտ,
Ես է՛լ քեզ նման մենակ եմ ու խեզճ,
Մարդն էլ քեզ պես է, ո՛վ խոշտանգած սի՛րտ,
Այս ցավի, մահի սև աշխարհի մեջ։
Այս ցավի, մահի դաժան աշխարհում
Մեր բախտը մեկ է՝ անհույս ու թըշվառ,
Իմ սիրտն էլ քեզ հետ կյանքն է անիծում,
Արի՛, լանք մեկտեղ, իմ խե՛ղճ գայլ-եղբայր…
1907, Երևան