«Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար, սիրելիս…»
1904
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար, սիրելիս,
— Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։
Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
— Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչո՞ւ համար է։
Ախ, մի՛ տխրիր, վիշտը կանցնի, — այդ ոչինչ,
— Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի՛ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի, — այդ որ ոչինչ ու ոչինչ։
1904