«Օրերն հալվում են օրերի նման…»
1916
Օրերն հալվում են օրերի նման,
Եվ ամեն վայրկյան մեռնում է ներկան.
Ապրած օրերըս — սուզվող քարավան
Անհունության մեջ հավիտենական։
Ոսկի մանկության ոսկի հեքիաթով
Մի վառ աշխարհ կար՝ շքե՜ղ, դյութակա՜ն,
Մարեց, չքացավ երազն հոգեթով
Ոչնչության մեջ հավիտենական։
Արևն հոգուս մեջ՝ մի բուռըն աճյուն
Եվ լալով կյանքը՝ չընչին և ունայն,
Գնում եմ ահա սրտաբեկ հանգչում
Փոշիների մեջ հավիտենական…
1916,, Կոլլոնժ