Մենակի (ե. առստամյան) նվիրական ստվերին
1905
Բոցիկու սարին սև ամպն է չոքեր.
Հովն է հեծեծեւմ Բասենա դաշտում. —
Ոսկի երգերըդ, իմ ազի՛զ ընկեր,
Էն հովն է երգում Բասենա դաշտում։
Ա՜յ, սիրո՛ւն արտուտ լալազար գարնան,
Արազի դաշտից Մինչ Խլա՛թ ու Մո՛ւշ
Դուն թըռչում էիր սիրտըդ վառ — վառման
Գովքն ազատության երգելով անո՛ւշ։
Քաջ ընկերներով կըռիվ սըլացար —
Ազատ երգերով Արազի դաշտում.
Նամարդ թշնամուն զարկիր, զարկվեցար —
Ընկերներիդ հետ Բասենա դաշտում։
Ու ժողովուրդը կարոտ քու սիրուն
Բասենա դաշտից մինչ Խլաթ ու Մուշ
Երգում են անվերջ երգերըդ սիրուն,
Ու չեն մոռանում երգերըդ անո՛ւշ…
Ա՜խ, սուրբ վերքերով ընկերներիդ հետ
Արնոտ հողի տակ անո՛ւշ քնեցիր.
Թո՛ղ ծանր չըգա այն հողը վըրեդ,
Որն այնպես հըզոր, անհո՛ւն սիրեցիր…
Բոցիկու սարին սև ամպն է չոքեր,
Հովն է հեծեծում Բասենա դաշտում.
Անո՛ւշ երգերըդ, իմ ազի՛զ ընկեր, —
Էն հովն է երգում Բասենա դաշտում…
1905