«Իմ փերին…»
1892
ԻՄ ՓԵՐԻՆ
(Շիրակի ավանդավեպ)
Կես — գիշերին, գետի ափին
Ես նստած եմ սիրավառ.
Գետն հոսում է, և հոսանքին
Ես նայում եմ միալար։
— Ո՞վ է՝ անդորր, լուռ գիշերով
Մենությունըս խռովում.
Շուշան — կրծքով, լույս թևերով
Նիրհած գետը վրդովում։
Ո՞վ է հագած լուսնի շողեր՝
Շքեղ կանգնում առաջիս.
Սև մազերին գոհար — ցողեր՝
Հուր շշնջում ականջիս։
Ո՞վ է ծագող լույսերի հետ
Ծաղիկները համբուրում.
Երազի պես ցնդում անհետ
Մշուշային փրփուրում։
Նա փերին է զմրուխտ գետի,
Ցնորքներիս սիրելին.
Դիցուհին է իմ վառ սրտի,
Վառ երգերիս նազելին։
Եվ մինչև լույս գետի ափին
Ես նստած եմ քարացած.
Գետն հոսում է, և հոսանքին
Ես նայում եմ շվարած…
1892, Արգինա