«Իմ հոգին տարագիր մի թռչուն՝…»
1905
Իմ հոգին տարագիր մի թռչուն՝
Մրրըկով զարնված, թևաթափ.
Հողմերն են հեգ գլխիս շառաչում,
Եվ ուղիս անհատնում և՛ անափ;
Դու բյուրեղ բարձունքում մի երազ՝
Լուսազարդ և՛ քնքուշ, և՛ գողտրիկ,
Մի երազ սրբափայլ և անհաս,
Հավիտյան հեռավոր մի աստղիկ։
Ա՜խ, նայիր մի անգամ ինձ վրա
Քո անդորր և քո խոր աչքերով.
Հայացքիդ ծովի մեջ գեթ մի պահ
Թող հանգչեմ սրտիս հուր — տենչերով։
Իմ հոգին վիրավոր մի թռչուն,
Չունի բույն, չունի քուն ու անդորր.
Հողմերն են հեգ գլխիս շառաչում,
Եվ ուղիս սև ումութ և մոլոր…
1905, Ալեքսանդրապոլ