Հայաստանին
1921
Դու, երկնամերձ1 իմ հայրենիք, դո՛ւ, հինավուրց ի՛մ Հայաստան,
Անմահ բանի2 սպասարկու, խորհուրդ խորին, ի՛մ Հայաստան,
Դո՛ւ, ալևոր3 տեսիլների4 ստեղծագործ ի՛մ Հայաստան,
Եվ նոր խոսքի ավետաբեր5, հազարավերք ի՛մ Հայաստան։
Սաղավարտներ դրած կանգնած քո լեռներդ կուռ երկաթի,
Արորներըդ6 արյունազանգ՝ արդարության ցորեն արտի.
Երդիկներիդ7 ծուխերն անուշ՝ նվիրական Նավասարդի8,
Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի, ի՛մ Հայաստան։
Քո գետերըդ՝ տեգ9 սուրացող, ազատատենչ, կամուրջ քանդող
Քաղաքներիդ մոխիրներից ծլած վարդերն արյուն-բուրող.
Շարականներըդ10՝ հոգեբուխ, շինականիդ11 երգը՝ լացող.
Հին սերերի, նոր կարոտի ոսկի բամբիռ12, ի՛մ Հայաստան։
Դստրիկներըդ քո փափկասուն՝ անապատի գայլերին կեր,
Որբուկներըդ՝ մերկ ու ծարավ, սովալլուկ13, մահի ընկեր.
Բախտիդ վրա՝ ծափ ու ծիծաղ, սփոփանքի ունայն14 խոսքեր,
Նոր հույսերի, նոր երգերի երազաբույր ի՛մ Հայաստան։
Բարեկամներից վաճառված, անիրավված ի՛մ հայրենիք,
Ոսոխներիդ15 կըրունկի տակ ավերակված ո՛րբ հայրենիք,
Սարսափներով, եղեռններով16 հավերժացած հի՛ն հայրենիք,
Արյունիդ մեջ սուրբ իրավունք, հոգիդ արև, ի՛մ Հայաստան։
Կըռունկներըդ համբավ տանող պանդուխտներիդ աշխարհալած17,
Նահատակված տաճարներիդ գմբեթները երկնասլաց,
Մագաղաթներդ18 արյունաներկ՝ ձայն հեծության19, հառաչանաց,
Հընուց ուխտի վըկայարան20, ավանդատուն21, ի՛մ Հայաստան։
Ծիրանավոր22 քաջ-Մասիսըդ՝ սպարապետ23 քեզ պահապան,
Ծերուկներըդ ճակատագրիդ ճամփաների սուրբ օրհնաբան24,
Նոյ-Նահապետ աստվածատես՝ ածուներիդ25 վեհ այգեպան,
Մանուկներիդ ու կույսերիդ արյան հընձան26, ի՛մ Հայաստան։
Արդարախոս ու մեծասքանչ քո հին լեզվով օրհներգըված,
Լուսավորչի27 լույս կանթեղով երկինքներըդ լուսերանգված,
Անճառելի ու դարերի տանջանքներով հոգիացած,
Հըրաշափառ28 քո Հարությամբ՝ նորամանուկ29 ի՛մ Հայաստան։
1921, Վենետիկ
Ծանոթագրություններ
- 1 երկնամերձ — երկնքին մերձ, մոտ, երկնահաս, երկնահուպ
- 2 բան — գործ, միտք, գաղափար, խոսք
- 3 ալևոր — (փխբ․) հնամենի, երկարամյա, հինավուրց։ Ծերացած, սպիտակած, ճերմակած։
- 4 տեսիլ — տեսարան, պատկեր, երևույթ
- 5 ավետաբեր — բարի լուր բերող, ավետիք բերող, համբավաբեր
- 6 արոր — երկրագործական պարզ գործիք՝ հողը հերկելու համար, գութան
- 7 երդիկ — տան կտուրի մեջ թողած բացվածք, որ ծառայում է իբրև լուսամուտ և օդանցք
- 8 նավասարդ — Ամանորի հանդես՝ տոնակատարություն, հայկական հին տոմարի առաջին ամիսը, որով սկսվում էր տարին
- 9 տեգ — նիզակի ծայրի սուր երկաթը, որով խոցում են, ծայրին սրածայր երկաթ հագցրած կարճ նիզակ
- 10 շարական — Հայ եկեղեցու հոգևոր երգը՝ ձայներով կանոնակարգված և Շարակնոց ժողովածուում ամփոփված
- 11 շինական — գյուղացի, ռամիկ
- 12 բամբիռ — փանդիռ, ժողովրդական երաժշտական եռալար գործիք
- 13 սովալլուկ — սովից հյուծված՝ տանջված, քաղցած, անոթի
- 14 ունայն — դատարկ, սնոտի, ապարդյուն, իզուր ասված
- 15 ոսոխ — թշնամի, ոխերիմ հակառակորդ
- 16 եղեռն — ծանր ոճիր, կոտորած. Հայոց եղեռն՝ 1915 թ. ցեղասպանությունը
- 17 աշխարհալած — աշխարհով մեկ լալով թափառող, պանդխտության մեջ ողբացող
- 18 մագաղաթ — մշակված բարակ կաշի, որի վրա գրվել են հին ձեռագրերը
- 19 հեծություն — հեծկլտոց, տնքոց, խեղդված հառաչանք
- 20 վկայարան — նահատակի (վկայի) գերեզմանի վրա կառուցված մատուռ՝ սրբավայր
- 21 ավանդատուն — եկեղեցու խորանի կողքի սենյակը, ուր պահվում են սրբություններն ու սպասքը
- 22 ծիրանավոր — ծիրանի (ծիրանագույն) զգեստ կրող, արքայազգեստ, առաքինազարդ
- 23 սպարապետ — հայոց զորքերի գլխավոր հրամանատարը հին և միջնադարյան Հայաստանում
- 24 օրհնաբան — օրհնություն ասող, օրհներգու, գովաբանող
- 25 ածու — այգու՝ բանջարանոցի առանձնացված հատվածը, տնկարան
- 26 հնձան — խաղողը ճզմելու գուռը՝ գինի քամելու համար
- 27 Լուսավորիչ — Գրիգոր Լուսավորիչը, Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսը, որի քարոզությամբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը
- 28 հրաշափառ — հրաշքով փառավորված, սքանչելի ու փառավոր
- 29 նորամանուկ — նորից մանուկ դարձած, նորոգված, վերածնված