«Ես աշխարհի մեջ երազն եմ սիրել —…»
1909
Ես աշխարհի մեջ երազն եմ սիրել —
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ,
Եվ չեմ տենչացել երբեք քեզ տիրել —
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ։
Աղբյուրի նման արցունք եմ ցողում՝
Քո ճամփու վրա վարդեր վառելով,
Անձնազոհ մոր պես սրտագին դողում՝
Քո բախտի համար լուռ այրվելով։
Երբ գիշեր կուգա, դու կըմտնիս քուն,
Քո շեմքն է, քուրի՛կ, իմ բարձը քնքուշ,
Իմ սուրբ երազն է — շքե՛ղ, շողշողո՛ւն,
Աչերդ՝ պայծա՛ռ, աչերդ՝ անո՛ւշ։
1909