«Ցաված սիրտըս երգեր հյուսեց…»
1891
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր։
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին։
Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա։
Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին.—
Ա՜խ. Իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսած երգերս երգեցին…
1891, Ալեքսանդրապոլ
Թեմաներ