«Ա՛խ, սիրտս անմեր ու սիրտս անմեր…»
1903
Ա՛խ, սիրտս անմեր ու սիրտս անմեր
Որբուկի նման,
Զօր-գիշեր կուլա, քուն-դադար չունի.
Ու ինչպես մորը, հարազատ մո՜րը,—
Սիրուս կըկանչե,
Որ գիրկըն ընկնի, ծով-կարոտն առնի…
Սերս մեռեր է ու կանանչ մեռեր,
Է՛լ հետ չի դառնա,—
Իմ խե՛ղճ, իմ ո՛րբ սիրտ, ինչքա՜ն մորմոքիս,
Է՛լ քեզ գուրգուրող ու քեզ գուրգուրող
Ազիզ մեր չըկա,
Ու նանիկ1 ասող, ար անո՜ւշ քնիս…
Ա՜խ, առանց ծաղկի ու առանց վարդի
Իմ գարունն անցավ,
Ու խեղճ բլբուլս շա՜տ կանուխ լռեց.
Էն սև՜ ուրուրը2 ու սև՜ ուրուրը
Չոր գլխովըս անցավ,
Բլբուլըս անհուն թևերը թափեց…
Է՜խ, իմ դարաքաշ3 ու իմ դարաքաշ
Չոր գլուխս առնեմ,
Գա՛մ թափառելու ափերդ, Արա՛զ.
Քարե-արցունքըս
Ջրերուդ խառնեմ,
Լա՛մ թափառելով ափերըդ, Արա՛զ…
1903
Ծանոթագրություններ
- 1 նանիկ — օրորոցային, նանա։
- 2 ուրուր — անգղ, գիշատիչ թռչուն։
- 3 դարաքաշ — դարերի վշտերը՝ տառապանքները քաշած, շատ տառապանքներ կրած։