Անցնել բովանդակությանը

Տաճկահայերի օրհաս

Գիտո՛ւն, թո՛ղ գիրքը, ժամ չէ կարդալու, Գեղջուկ, դու էլ թո՛ղ եզներն ու գութան, Տեր-հայր, դադարե՛ մեռել թաղելու, Երկունքի մեջ է մայր մեր Հայաստան… Երկունքի մեջ է Հայաստան աշխարհ, Մեզ պիտի շնորհե մի նոր գոյություն, Փափաքով սպասած ամենեն շատ դար՝ Հայոց աշխարհի սուրբ ազատություն։ Մոռանանք պահ մի հին հաշիվները, Թողնենք առօրյա անձնական շահը, Հանե՛նք սըրտերես մեր պիղծ կըրքերը, Հանե՛նք սըրտերես ըստըրկի ահը։ Քրիստոնյա ենք մենք և սերունդ Հայկի, Այսքան բա՜վ է։ Է՛լ լուսավորչական, Կամ պապադավան1 և կամ լոթրանգի2 Ազգը չի բաժնենք՝ ի սեր հայության։ Ծանըր երկունքի մեջ է Հայաստան, Տա՛նք թեթևություն նորա ցավերին, Նորա ծընելու գեղեցիկ մանկան, Թույլ չըտանք խեղդել թըշնամիներին։ Նորածնի առջև բանանք մեր գանձը. Հարուստը՝ ոսկի, ուժը՝ պատանին, Հարսը՝ յուր փեսան, քաջը՝ յուր անձը, Կոնդակի շանթեր՝ սուրբ Էջմիածին։ Աստված մեզ խըղճաց վերջին այս նվագը, Բացեց մեր պառավ մոր ամուլ արգանդ, Թե հայը մարդ է՝ կազատվի ազգը, Թե չէ՛, Հայաստան կըլնի քարքանդ։

Ծանոթագրություններ

  1. 1 պապադավան — մոլեռանդ կաթոլիկներին տրվող արհամարհական անվանում։
  2. 2 լոթրանգի (հնացած) — լութերական։ Լյութերականությունը քրիստոնեական բողոքական դավանություններից է, ծագել է 16-րդ դարում՝ Մարտին Լյութերի ուսմունքի հիման վրա։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Տաճկահայերի օրհաս» բանաստեղծությունը հայրենիքի և Արևմտյան Հայաստանի մասին։

Կոչ, որ սկսվում է բոլորին իրենց գործից կտրելով՝ գիտունը թող գիրքը, գեղջուկը՝ գութանը, տեր հայրը՝ մեռել թաղելը, որովհետև «Երկունքի մեջ է մայր մեր Հայաստան»։ Ծննդաբերության պատկերը պահվում է մինչև վերջ. ազգը պետք է մոռանա հին հաշիվները և դավանանքային բաժանումները՝ լուսավորչական, կաթոլիկ, բողոքական, և նորածնի առջև բացի իր գանձը՝ հարուստը ոսկին, հարսը՝ իր փեսան, քաջը՝ իր անձը։ Փակիչ տունը դնում է պայմանը՝ «Թե հայը մարդ է՝ կազատվի ազգը»։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 28