Վահագն
1916
Փրկությանդ արև՝ Վահագնին տեսար…
Հ. ՀովհաննիսյանՀրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի։ — Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա։
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր։
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ —
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր —
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում1 ճարճատում են դեռ…
1916
Ծանոթագրություններ
- 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում