Անցնել բովանդակությանը

«Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի, Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ։ Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝ Բարեկամական հրճվանքով վսեմ։ Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով։ Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա, Որ ապրում է իմ անուրախ կյանքով։ Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ, Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին — Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝ Նետված աշխարհի անսուտ երազին։ Գուցե՝ ապրելով նրա երազում՝ Երգում եմ նրա տագնապները խոր— Եվ թվում է ինձ աշխարհի մուժում, Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր։— — Ողջո՛ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր, Խաղաղությո՛ւն քեզ, հեռավոր եղբայր. — Ողջո՜ւյն ձեզ, վաղվա չծնված կյանքեր։ — Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝ Ողջունում եմ ձեզ անցած խավարի Իմաստուն, տխուր ժպիտով բարի…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 22