Անցնել բովանդակությանը

Մորս համար գազել

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ1 ու գծեր, մայր իմ անուշ ու անգին։ Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին։ Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին։ Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,— Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին։ Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին։ Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց — Ո՞ւմ գրկում է հեծեծել2, մայր իմ անուշ ու անգին։ Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին։ Եվ արցունքներ դառնաղի3 ահա ընկնում են մեկ-մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Ծանոթագրություններ

  1. 1 խորշոմ — մաշկի ծալքավորումից առաջացած ակոսիկ, կնճիռ
  2. 2 հեծեծել — վշտից հառաչանքներ արձակել, սաստիկ ու տևականորեն հեծել, ախ ու վախ անել, ողբալ, սգալ
  3. 3 դառնաղի — դառն ու աղի

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Մորս համար գազել» բանաստեղծությունը («Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) մոր և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 8 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 16