«Ես այն չեմ այլևս, այն չեմ…»
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1926–1930» · 1926
Ես այն չեմ այլևս, այն չեմ,
Նայիրյան միամիտ այն պոետը,
Որ ուզում էր երգերով թռչել
Եվ անցնել այս նեղ արահետը։
Ես եկա խավար այն ափից,
Եվ բացվեց երբ խնդուն առավոտը —
Իմ հոգին ահով տագնապեց —
Եվ անհուն էր այդ նոր իմ կարոտը։
Ես տեսա աշխարհը նորացած,
Եվ աշխարհը այդ — հարազատ էր,
Եվ երգով իմ — այնքան հրացայտ —
Ես անցա անցյալի բարիկադը։
Ուզեցի ես երգով զինակցել
Եվ երգով նույնանալ նրանց,
Որ օրերը այս հողմածեծ
Գրոհել են անցյալի վրա։
Եվ թվում էր, թվում էր ինձ միշտ,
Թե որքան բարձր կանչեմ —
Այնքան շու՛տ կդառնամ ուրիշ,
Եվ ուղիս կդառնա անշեղ։
Ես այն չեմ այլևս, այն չեմ —
Եվ դժվար է հավատալ այլևս,
Որ եթե բարձր կանչեմ՝
Կցոլա ցանկալի այն արևը։
Եվ այլևս ես չեմ հավատում
Երգերի շառաչուն շոգին —
Դրանից է, որ երգս հատու —
Դարձել է այնպես անհոգի։
Եվ գիտեմ ես հիմա, որ համառ է,
Առօրյա աշխատանք անդուլ
Այն ամենը, որ վարար, հողմավար էր.
Որ գալու էր երգով ու խանդով…
1926. X. Երևան