Անցնել բովանդակությանը

Արտիստը

(Պ. Ադամյանի հիշատակին)

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

«Իմ հոգին — որպես լույսերի տաճար Իմ հոգին — որպես երազի խորան1. Բոցերի նման թե Բարի, թե Չար Խանձեցի հոգիս — Արվեստի՜ համար… Իմ արքայական երակների մեջ Հոսում էր արյունն Համլետի, Լիրի. Ես — հազարանուն, ես — թռիչք ու վեճ, Ես — աստվածային խարո՜ւյկ կրքերի… Երբ տրտմությունս էր մի գիշեր հոսում, Երևաց տեսիլն Արվեստի՜ — իմ Հոր… Եվ փնտրումների լաբիրինթոսում Հեծկլտա՜ց հոգիս՝ երկընքի՜ պես խոր… Խելագարության մղձավանջի մեջ Ես արքայական Մավրի դղյակում Խանձեցի՜ հոգիս, որի հուրն անշեջ Եղավ ինձ համար, մարդի՛կ, ամոքո՛ւմ… Եվ ես խելագա՛ր, երկնեցի՜ միայն, Դեզդեմոնային — Արվեստի՜ն ծարավ… — Ամբոխը, սակայն Յագոյի նման, Իմ խաչվա՜ծ հոգին գերեզմա՜ն տարավ»…

Ծանոթագրություններ

  1. 1 խորան — տաճար, եկեղեցի, տաճարի բեմ՝ սեղան՝ պատարագ մատուցելու համար, փոքրիկ վանք, մատուռ. (փխբ.) բնստ. մարդու ներաշխարհը, հոգու խորքը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 20