Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական
«Երկիր Նաիրի» ժողովածու · 1915
Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…
1915