Կյանքի որբերը
«Փշե պսակ» ժողովածու · 1906
Դալուկ1 ու կնճռոտ, դեմքերով տխուր,
Կյանքի որբերն են անցնում համրորեն.
Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
Մենակ, դժնադեմ…
Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար
Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց,
Որ մենակ շավղով օրորում են հար
Նոր արևի բոց…
Կյանքի որբերը… վշտերով սնված,
Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ,
Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
Ճակատներ կնճռոտ…
Ուրուրների պես մտքերի հետքին
Գնում են անդուլ, գնում են անվերջ —
Անլուր աշխարհի անմիտ անեծքին
Գնում են հավերժ…
Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
Եկեք իմ գիրկը, գուրգուր եմ ես ձեզ,
Մենակ ոգիներ…
1906
Ծանոթագրություններ
- 1 դալուկ — դժգույն, գույնը գցած, գունատ, մռայլ, դեղին
Թեմաներ