Աղբյուր
«Փշե պսակ» ժողովածու · 1905
Ալ. Ծատուրյանին
Մահու պես դաժան ձմեռն է իջել,
Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր.
— Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ —
— Հավետ կենդանի՜, կարկաչո՜ւն աղբյուր…
Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում,
Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում,
Ծաղրանքով ձյունի երեսն ես թրջում,
Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։
Քո մեջ ապրում է հույսը չըմարող…
Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր,
Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող —
Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր…
Շիրակ, 1905
Թեմաներ