Անցնել բովանդակությանը

Գիշեր

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Երգում է քամին, լալիս է նորից, Անհույս ու անվերջ մղկտում է նա. — Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։ Իմ դուռն է ծեծում քամին խոլական, Իմ պատերի տակ հեծում է անվերջ, Մեղմիվ երգում է մեղեդին լալկան, Ոռնում ամայի փողոցների մեջ։ Փախչում է հեռուն թռիչքով անտես, Դառնում է անկարծ ճիչով խելագար, Ահաբեկում է և կանչում է քեզ, Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր… Եվ անպատմելի ցավով է լցված Այդ երգը անանց հուսահատության.— Մթին գիշերում իմ սիրտը խոցված, Լացը հուսաբեկ ավերված իմ տան… Երգում է քամին, լալիս է նորից, Անհույս ու անվերջ մղկտում է նա. — Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 20