Անցնել բովանդակությանը

Ճամփաբաժան

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Կանգնած եմ նորից ահեղ անտառում Ճանապարհների բաժանումի մոտ. Հանգչում են վերջին կրակներն աղոտ, Ու մութն է կրկին իջնում ու փռվում… Անցած օրերըս շարքերով դալուկ1 Շողում են ահա և անհետանում. Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. — Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։ Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ, Հազար ձայներով անտառն է խոսում, Ես ուղիների լաբիրինթոսում, Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։ Կանգնած եմ նորից ահեղ անտառում Մութ ուղիների բաժանումի մոտ. Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն, Այրում է հոգիս, անհուն մի կարոտ…

Ծանոթագրություններ

  1. 1 դալուկ — դժգույն, գույնը գցած, գունատ, մռայլ, դեղին

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ճամփաբաժան» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) գիշերվա և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 16