Երգ հողի ու երկնքի
Պառկել եմ մենակ իրիկնամուտին,
Հանգչող արևի սուրբ ծեսն եմ դիտում,
Արծիվն իջնում է, խառնվում մութին
Եվ իսկույն նորից երկինք է միտում։
Երկնքի մեջ են գյուղերը քարե
Ու կորնգանի արտերը լազուր,
Երկնքի մեջ է վանքը ծվարել,
Երկինք է խրել իր գմբեթը սուր։
Եվ ինչ-որ մի ցավ՝ խոնավ ու տրտում,
Կարծես ինքն իրեն փոխվում է երգի,
— Ինչո՞ւ ինձ այսքան քիչ հող տվիր դու
Եվ ինչո՞ւ տվիր ինձ այսքա՜ն երկինք…
Քո ճգնակեցը՝ քո Նարեկացին,
Համարյա միայն երկնքում ապրեց,
Քո դեմ երկնքի դռները բացին,
Երբ տառապանքդ Աստծո չափ էր մեծ։
Ախ, գիտեմ, երկիր, նոր բան չեմ ասում,
Երևի մորը չեն ասում նոր բան…
Ուզում եմ շոյել այս արտը հասուն,
Ուզում եմ բռնել երկնքի ճամփան։
Երևի վանքի քարերին՝ մամուռ
Եվ պատերի տակ թփեր կան ուրցի…
Հին ոգիներն են գիշերվա մեջ լուռ
Երևի նստել խոնարհ զրույցի։
Կամարների տակ մութն է խտանում,
Կապուտակ աստղը փոխվում է մոմի,
Երևի նրանք զրույց են անում
Վասն աստղերի ու Պղատոնի…
Չգիտեմ… գուցե, ի՛մ մայր, ի՛մ երկիր,
Քեզ երկինք էր պետք հողից ավելի,
Գուցե բախտ է դա ու ճակատագիր,
Գուցե խաչն է դա առաքյալների։
Ներիր նվաստիս այս խոսքը տրտում,
Որ սփոփանքն է գուցե իմ վերքի,
— Թեև ինձ այսքան քիչ հող տվիր դու,
Բայց և փա՛ռք, տվիր ինձ այսքա՜ն երկինք։