«Սրտիս զարկերը և ժպիտը քո…»
1963
Գլուխդ կրծքիս՝ շնչում ես դու մեղմ,
Ու ես չգիտեմ,
Ննջու՞մ ես արդեն,
Թե խոնջ քնքշությամբ կոպերդ փակած,
Սրտիս զարկերն ես լսում դու լռին։
Իսկ ի՞նչ են ասում զարկերն իմ սրտի…
Ասում են.
— Հոգիս, ես սիրում եմ քեզ,—
Ասում և սակայն զգում են նաև,
Որ այդ խոսքերով չե՜ն ասում ոչինչ…
Լռում են մի պահ, նոր խոսք որոնում
Եվ չգտնելով, կրկնում են նորից.
— Ես սիրում եմ քեզ…
Ու դա երևի
Ե՛վ ամենահին,
Եվ ամենանոր,
Եվ ամենալավ երգն է աշխարհի։
Իսկ ի՞նչ է ասում ժպիտը քո լուռ…
Ասում է.
— Սակայն այդ խոսքերը դու
Շատ շատերին ես ասել, սիրելիս…
Զարկերն իմ սրտի ասում են։
— Այո։
Ես շատերին եմ այդ խոսքերն ասել,
Բայց այդ խոսքերով
Ես քո հասցեն եմ փնտրել երևի
Ու գտել եմ, տե՛ս։
Բայց թարթիչներիդ կապույտ շուքի տակ
Ծվարած ժպիտն անմեկին է շատ,
Ու չեմ հասկանում՝
Զարկերը սրտիդ կրկնու՞մ են արդյոք
Այն ամենահին,
Այն ամենանոր,
Այն ամենալավ երգը աշխարհի։
— Խե՛նթ, թե չեն կրկնում, ինչո՞ւ են հապա
Մազերս այսպես քո կրծքին թափված։
Մազերս,
Նայիր,
Երեկ հինա եմ մազերիս դրել,
Որ երբ արձակեմ քո կրծքի վրա,
Նրանք հին ոսկու փայլակումը տան
Ու բուրեն կրծքիդ հին գինու բույրով։
Եթե չեն կրկնում,
Ինչո՞ւ եմ հապա ես գեղեցկանում,
Երբ մոտդ եմ գալիս…
— Թե իրավ է դա,
Որտե՞ղից հապա այն չարությունը,
Որ խառնում ես դու քնքշությանը քո…
Ինչո՞ւ է հաճախ
Մեր հանդիպումի հույսն՝ անհուսալի,
Մեր մոտիկությունն՝ անմերձենալի,
Պարզությունը քո՝ առեղծվածային,
Քնքշանքը՝ դաժան,
Նազանքը՝ խոցող,
Եվ կրակը քո ինչու է հաճախ
Ողջակիզումի խարույկի նման։
— Ես կին եմ, իմ խենթ…
Ու թեկուզ հիմա
Մազերիս ոսկին թափել եմ կրծքիդ,
Եվ կիսաբաց է իմ կուրծքը քո դեմ,
Չխաբվես սակայն…
Ես դեռ շատ անգամ քեզ կշնորհեմ
Մեր հանդիպումի հույսն անհուսալի,
Մեր մոտիկությունն անմերձենալի,
Քնքշանքն իմ դաժան,
Նազանքն իմ խոցող…
Գարուն կլինի, կանցնեմ փողոցով
Գերեվարելով հայացք ու հիացք
Եվ շնորհելով քեզ շա՜նթը խանդի…
Գարուն կլինի,
Ես հեռվից հեռու կձայնեմ քեզ լուռ
Եվ կխուսափեմ…
Գարուն կլինի,
Գեղեցկանալով ես մոտդ կգամ
Եվ կհեռանամ
Առավել փխրուն ու գեղեցկացած։
Ես կի՛ն եմ, իմ խենթ,
Եվ ամենահին,
Եվ ամենանոր,
Եվ ամենալավ երգը աշխարհի
Այդ ե՛ս եմ հյուսել
Եվ այդպե՛ս հյուսել։
— Գիտե՛մ, սիրելիս,
Գիտեմ և քեզ եմ ես փառաբանում։
Փառաբանում եմ
Մազերիդ ոսկին՝ իմ կրծքին թափված,
Փառաբանում եմ կուրծքդ կիսաբաց
Եվ թարթիչներիդ կապույտ շուքի տակ
Ծվարած ժպիտն այդ անմեկնելի,
Որ մեղավոր է ու թովի՜չ սակայն…
Փառաբանում եմ
Մեր հանդիպումի հույսն անհուսալի,
Մեր մոտիկությունն անմերձենալի,
Գեղեցկացումը քո գարնանային,
Քո հեռացումը,
Քո վերադարձը
Եվ անգամ ահեղ
Խանդի սև շա՜նթն եմ ես փառաբանում…
…Ողջ գիշեր այսպես զրույց են անում
Սրտիս զարկերը և ժպիտը քո…
1963թ.