Վեհաժողով
1879
Մայր Հայաստանի տարին էլ անցավ,
Տանջում է նորան նույն վիշտ ու նույն ցավ.
Բացված լայն վերքեն արյունը ծործոր
Կաթելով վազում է դեռ ամեն օր։
Մեր հոգու վիշտը, մեր բոթն ու սուգը,
Աղեխարշ աչաց մեր արտասուքը
Ոչ ոք չըտեսավ, ոչ ոք չի ըզգաց,
Լուսավոր Եվրոպ կույր ու խուլ մընաց։
Անմեղ գառնուկը — խեղճիկ Հայաստան —
Ողջակեզ եղավ տաճկի քավության.
Փըշըրտած շըղթայք սլավոն ազգերին
Բերին փաթթեցին Հայոց ձեռքերին։
Ինչո՞ւ։ Թո՛ղ ասե անգութ Եվրոպան,
Որ Պիղատոսի արավ դատաստան,
Նախ՝ անմեղությունն մեր խոստովանեց,
Ապա չարերուն մեզ ի խաչ մատնեց։