Ապրիլի 30, 1879
1879
Ապրիլի վերջն էր — մայիսին մոտիկ՝
Ութը բարեկամք՝ Սուրբ Խաչ գնացինք.
Օրն էր շատ խաղաղ, թեպետ քիչ ամպոտ.
(Վա՜յ այն ապրիլին որ չէ անձրևոտ),
Գաբռել, Կարապետ, Պողոս, Միքայել,
Հովհաննես, Մինաս, Հակոբ, Ռափայել,
Ա՜խ, ազնիվ ընկերք, բարեկամք անկեղծ,
Ձեզ շատ-շատ սիրեց Սյուլյուկ բանաստեղծ…
Ա՜խ, իմ սիրելիք, մեզ չօգնիլ փողը,
Մեր անունն անհետ կանե սև հողը,
Թե որ խոտեն վար ու ջուրեն հանդարտ
Ապրինք ու մեռնինք անհոգ ու անդարդ.
Հոգու մեղք բան չէ տարին քանի ժում,
Ազնիվ մարդոց հետ անել կերուխում.
Կերուխում անել, կանչել-կանչվըռտիլ,
Կըռվիլ ու խըմիլ, նորեն պարըշվիլ,
Հանիլ, վար ձըգիլ գեթ ատեն-ատեն
Աղտոտած դիմակ մեր երեսներեն…
Է՜հ, ի՞նչ պետք է մեզ, իմ սիրելիներ,
Պինտ կըռած խանութ իլինք քասսաներ,
Պատվավոր անուն ու գործ աջողակ…
Կին հավատարիմ, մըտերիմ զավակ —
Այսքանըս մարդու կյանքի շատ կօգտե,
Անդիին բանը Աստված լավ գիտե։
Չուզիմ հետամուտ լալ ես միլիոնի,
Մեջըս չունենալ պատիվ բնիոնի.
Պապերըս ասին՝ փողը չէ մեծ բաղդ,
Փողը ավուճի, կամ ձեռքի է աղտ…
Ապրիլը անցավ, մայիսը կուգա,
Տեհ, էրթանք Սուրբ Խաչ քանի պյուլպյուլ կա,
Մեր աշխարհասեր պապերու նըման,
Քեֆ անինք գոնե մեկ քանի անգամ.
Շուտ կուգա ամառն հետն ալ թոզ ու տոթ,
Չի զուրցիլ պյուլպյուլըն ամեն առավոտ.
Գարնան հետ սիրտերըս ալ կըթառամի,—
Այսպես մեր օրը թեզ ու թեզ կանցնի։
Ով բարեկամներ, քանի որ սաղ ենք,
Շուտ-շուտ մեկ մեկու տեսնենք ու սիրենք.
Կանցնի մեկ տարի, այլ գարուն կուգա,
Քանի՞սը մեզմեն աջափ սաղ պիտ լա՞.
Եղբայրներ՝ քանի մեր մեջ շունչ ունենք
Ուրախ լանք, անկեղծ ու սիրով ապրենք.
Հովհաննես, Մինաս, Հակոբ, Ռափայել,
Գաբռել, Կարապետ, Պողոս, Միքայել
Դուք գոնե հալխին գիտցեք ցուցնելու՝
Մարդկային կյանքը ինչպես վարելու։
Գրված է Նոր Նախիջևանի բարբառով։